Երեկ ուշ երեկոյան կայացած Գերմանիա-Ֆրանսիա դիմակայության արդյունքով հայտնի դարձավ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակչի երկրորդ մասնակիցը: Ի տարբերություն ընթերցողի, այս պահին մենք չգիտենք, թե ով է աշխարհամասի պատվավոր տիտղոսի համար մրցակցելու Պորտուգալիայի ընտրանու հետ, որը կիսաեզրափակչում կարողացավ առավելության հասնել ՈՒելսի ընտրանու նկատմամբ ու պատմության մեջ երկրորդ անգամ դուրս եկավ եզրափակիչ:
Տասներկու տարին մի ամբողջ շրջափուլ է: Այդ թվում` տիեզերական չափումների կտրվածքով: Սակայն վերջինս եկեք թողնենք մի կողմ ու դառնանք 2004-ին, երբ պորտուգալացիներն առաջին անգամ դուրս եկան եզրափակիչ: Այն ժամանակ բոլոր չափորոշիչներով ֆավորիտ համարվող պորտուգալացիները չկարողացան հաղթահարել հունական արգելքը, և Եվրոպան ունեցավ չսպասված չեմպիոն:
Պորտուգալացիների համար թե որքան երջանկաբեր կլինի այս եզրափակիչը, դժվար է ասել, քանզի, կներեք, ոչ Ֆրանսիայի, ոչ էլ Գերմանիայի ընտրանիները Հունաստանի հավաքական չեն, որ 2004-ի եզրափակչի նախաշեմի թեկուզև թյուր վստահությամբ առավելությունը հանդգնես տալ Պիրենեյան թերակզղու ներկայացուցիչներին, որքան էլ որ նրանց կազմում կա Քրիշտիանու Ռոնալդու: Այո, չկա այդ վստահությունը, որովհետև կա «քաշային կարգերի» անհամապատասխանություն, սակայն այդ համապատասխանությունը չկար և 2004-ին: Մինչդեռ ի՞նչ ստացվեց:
Ստացվեց այն, որ բոլորը հիշեցին պատից կախ տված դատարկ հրացանի՝ տարին մեկ կրակելու պատմությունը: Դատարկ բառն այստեղ մի փոքր կոպիտ է հնչում, բայց հասկանալի է, որ ասելիքի մեջ մենք տուրք ենք տալիս ժողովրդական բանաձևումին, թե չէ Պորտուգալիայի ընտրանին ի՞նչ «անփամփուշտ հրացան», մանավանդ որ դրանում, ասել ենք արդեն, մեր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը կա, էլ չենք ասում «группа поддержки»-ն կազմող խաղացողների բավականին ստվար բույլը: Սակայն եկեք չերկարացնենք, այսքանով բավարարվենք առաջիկայում սպասվելիք խաղով ու դառնանք ՈՒելսի հետ պորտուգալացիների ունեցած կիսաեզրափակչի հանդիպմանը:
Հավուր պատշաճը մատուցենք ընտրանու գլխավոր մարզիչ Ֆեռնանդու Սանտուշին, որը կարողացավ փայլուն կազմակերպել թիմի մարտավարությունը: Առաջին խաղակեսն իր գոլազուրկ ոչ-ոքիով դնենք մի կողմ, որովհետև ուժերի մոտավոր հավասարության պայմաններում այն մարզիչների համար սովորաբար դառնում է ուսումնամարզական վարժանքի կարգի բան, որտեղ բուն գործողության մեջ երկուստեք տնտղում են մեկմեկու ուժեղ ու թույլ կողմերը, հստակեցնում հետագա անելիքները:
Ի դժբախտություն ուելսցիների, ովքեր այս առաջնությունում ու ընդհանրապես արդեն իսկ պատմության լավագույն մաս են կազմել (հիշեցնենք, որ նրանք ոչ միայն առաջին անգամ ելան աշխարհամասի եզրափակիչ, այլև կարողացան մաս կազմել ուժեղագույն քառյակի), պորտուգալացիներն արագ առաջ անցան հաշվի մեջ (Ռոնալդու), իսկ երեք րոպե անց արդեն հաղթում էին երկու գնդակի առավելությամբ: Նանիի գոլից հետո միայն անուղղելի լավատեսն արդեն կարող էր հավատալ ՈՒելսի հավաքականի փրկությանը: Խաղի մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ այլևս փոփոխություն չեղավ, թեպետ կողմերը հավասարապես ջանում էին դրա համար (այստեղ թերևս միջանկյալ նշենք, որ սա Պորտուգալիայի ընտրանու առաջին հաղթանակն էր խաղի հիմնական ժամանակում):
Դժվար է ասել, թե եզրափակիչ հանդիպումից հետո պորտուգալացի մարզասերը ինչպես կարձագանքի հավաքականի մրցելույթին (հասկանալի է՝ պարտության դեպքում), բայց որ ուելսցի մարզասերը բացառիկ բարձրության վրա գտնվեց, ոչ միայն աներկբա է, այլև ամենախոր հարգանքի արժանի: Մյուս կողմից էլ, բա ուրիշ ի՞նչ կերպ կարելի էր վարվել մի թիմի հետ, որը սկզբունքորեն արեց անհնարինը: Ասում եմ՝ տեսնես կգա՞ այդպիսի ժամանակ նաև հայկական ֆուտբոլի համար, թե՞ մեր մեջ միշտ էլ կգտնվի մեր ողնաշարը ջարդողը, զանազան կարգախոսների տակ մեր ուժը քամուն տվողն ու անպատիժ մնացողը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ